1 Corinthians 8
1 Բայց կուռքի զոհերի համար գիտենք, որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է։
2 Եթէ մէկը կարծում է թէ բան գիտէ, նա դեռ բան չգիտաց՝ ինչպէս պէտք է գիտել։
3 Բայց եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից։
4 Արդ կուռքի զոհուած կերակուրների համար գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չկայ բացի այն մէկը։
5 Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր,
6 Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։
7 Սակայն ամենը այս գիտութիւնը չունին. որովհետեւ ոմանք կուռքի մասին խղճմտանքով են ուտում մինչեւ հիմա իբրեւ կուռքերին զոհուած, եւ նորանց խղճմտանքը տկար լինելով՝ պղծվում է։
8 Բայց կերակուրը մեզ չի կանգնեցնիլ Աստուծոյ առաջին. որ եթէ ուտենք՝ մի բանով չենք աւելանալ, եւ եթէ չուտենք՝ մի բանով չենք պակասիլ։
9 Միայն թէ զգոյշ կացէք՝ որ այդ ձեր իշխանութիւնը գայթակղութիւն չլինի տկարներին։
10 Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կստանայ զոհուած բանն ուտելու։
11 Եւ այն տկար եղբայրը կկորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ։
12 Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։
13 Վասնորոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չգայթակղեցնեմ։